Վրաստանում անցկացվում է «Վրաստան-ՆԱՏՕ-2016» միջազգային զորավարժությունը

Այսօր` նոյեմբերի 10-ին, Վրաստանի Վազիանի ռազմաբազայում մեկնարկել է Վրաստան-ՆԱՏՕ-2016 համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունը, որին մասնակցում է 250 սպա 14 երկրից: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Զորավարժությանը մասնակցող զինծառայողները բացման արարողության ժամանակ

Զորավարժությանը մասնակցող զինծառայողները բացման արարողության ժամանակ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, զորավարժությունն անցկացվելու է «Կրծանսիում» տեղակայված Վրաստան-ՆԱՏՕ համատեղ ուսումնական կենտրոնում (JTEC): Միջազգային զորավարժությանը մասնակցում են զինծառայողներ Վրաստանից, Թուրքիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Լատվիայից, Լիտվայից, Նիդերլանդներից, Ռումինիայից, Հունգարիայից, Բուլղարիայից, Բելգիայից, Սլովակիայից, Ուկրաինայից և Մակեդոնիայից: Առաջին անգամ նման զորավարժությունը ղեկավարում է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը:

Բրիգադի մակարդակով անցկացվող զորավարժության հայտարարված նպատակն է` բարձրացնել Վրաստանի ԶՈւ և ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, որպեսզի միջազգային գործողությունների և զորավարժությունների ժամանակ զինծառայողները գործեն միասին:

«Վստահ ենք, որ զորավարժության ավարտից հետո Վրաստանի ԶՈւ-ն ավելի համատեղելի կլինի ՆԱՏՕ-ի հետ (նկատի ունի համապատասխան կլինի ՆԱՏՕ-ի չափանիշներին)»,— հայտարարել է Վրաստանի ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, բրիգադի գեներալ Վլադիմիր Չաչիբայան:

Վրաստանի ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, բրիգադի գեներալ Վլադիմիր Չաչիբայան

Վրաստանի ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, բրիգադի գեներալ Վլադիմիր Չաչիբայան

Նշենք, որ այս վարժանքներն անցկացվում են 2014թ. Ուելսի գագաթաժողովում Վրաստանին տրված համագործակցության նոր փաթեթի`(Substantial NATO-Georgia Package (SNGP) շրջանակներում:

Բացման արարողությանը մասնակցած Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Լելա Չիկովանին հայտնել է, որ առաջին անգամ վրաստանցի զինվորականներին վստահվել է զորավարժությունը սկզբից մինչև վերջ պլանավորելու գործառույթը:

Չնայած պետք է նշել, որ 2016թ. հուլիսի 19-21-ը Թուրքիայի Իզմիր քաղաքում տեղակայված ՆԱՏՕ-ի ցամաքային հրամանատարության (LANDCOM) կենտրոնակայանում անցկացվել էր սեմինար, որին մասնակցել էր Վրաստան-ՆԱՏՕ (NATO-GEO EX16) համատեղ զորավարժության հիմնական պլանավորման թիմը:

Զորավարժությանը մասնակցում են նաև ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի տրանսֆորմացիոն հարցերով հրամանատարությունը (Allied Command Transformation NATO), ՆԱՏՕ-ի ցամաքային հրամանատարությունը (LANDCOM), ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի զորավարժությունների կենտրոնը (Joint Force Training Centre):

Leave a comment